Չնայած այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, սակայն ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, օգտվելով առիթից, առողջապահության նախարարին այլ հարց ուղղեց: «Հայաստանում կառուցվում է ուռուցքաբանության կենտրոն, թեև մենք էլ գիտենք, Դուք էլ գիտեք, թե ինչ ողբալի վիճակում է ՀՀ-ում այդ ոլորտը: ՀՀ-ում չկա գեթ մեկ քիչ թե շատ վճարունակ քաղաքացի, որ իր առողջությունը վստահի այս ոլորտի մասնագետներին: Մենք կարող ենք ունենալ շենքային առումով լավագույն կենտրոնը, բայց ոչ համապատասխան մասնագետներ: Վստահ եմ, վիզուալ առումով լավ շենք է լինելու, բայց ի՞նչ է արվում, որ համապատասխան մասնագետներ լինեն»: Պատգամավորը նախարարին ուղղեց նաև հանրությանը հուզող մեկ այլ կարևոր հարց: «Հակաքաղցկեղային, քիմիաթերապիայի նույնանուն դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից, այստեղ 1-2 ընկերություն է բերում, և որակական առումով խիստ տարբերվում են իրենց ազդեցությամբ»,- ասաց նա: Ի պատասխան առաջին հարցի՝ Արմեն Մուրադյանն ընդհանուր պատասխան տվեց` ասելով, որ ուռուցքաբանության կենտրոնում շինարարական և կազմակերպչական մեծ աշխատանքներ են տարվում: Նախարարը նաև հավելեց, որ չկա մի երկիր, որտեղ ուռուցքաբանության գործընթացները կանգնած են՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում այդ հիվանդության դեմ պայքարը:
Դեղերի որակի առնչությամբ էլ նախարարը վստահեցրեց, որ յուրաքանչյուր դեղ ենթարկվում է փորձաքննության: «Կան երկրներ, որտեղ արտադրված դեղորայքի տարբերությունը հիվանդները հստակ նշում են, բայց այս հարցին օբյեկտիվ պատասխան կարող են տալ լաբորատոր փորձաքննությունները՝ գիտականորեն հիմնավորելով: Դրա հնարավորությունն այսօր Հայաստանում կա»:
Նաիրա Զոհրաբյանն իր մտահոգությունը հայտնելով քաղցկեղի երիտասարդացման առնչությամբ, նախարարին առաջարկեց «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր» ստեղծելու մասին մտածել:
Պատգամավորին ակնհայտ չբավարարեցին դեղերի առնչությամբ պարզաբանումները, և նա պնդեց. «Խմեք մեր դեղատներից առած «Նուրոֆենը», ձեր գլխացավը կկրկնապատկվի, խմեք Եվրոպայից առածը, ձեր գլխացավը կանցնի»: Արմեն Մուրադյանը նշեց, որ դեղերի խնդիր բոլոր երկրներում էլ կան, իսկ հակաուռուցքային ազգային ծրագիր ներկայումս մշակվում է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ